«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2012-12-15 | #226, 2012-12-18 | #227, 2012-12-19


ՍՏԱՄԲՈՒԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ Է ՀԱՏԿԱՑՆՈՒՄ ԱՍՈՐԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Որո՞նք են նկրտումները. ապահովել ցեղասպանության առնչությամբ ասորիների լռությո՞ւնը, թե՞ իրացնել կաթոլիկների հին գերեզմանատունը

1915-ին մարդասպան թուրք հրոսակը, ձեռնամուխ լինելով արեւմտահայերի բնաջնջմանը, սկսեց թալանել նրանց ունեցվածքը: Ինչ վերաբերում է հայկական եկեղեցիներին ու վանքերին, ապա նրանք հիմնովին կողոպտվեցին, այնուհետեւ դարձան հրո ճարակ, հաճախ հոգեւորականների, այնտեղ ապաստանած կամ ողջակիզելու համար արգելափակված հայ կանանց եւ երեխաների հետ:

1919-ին Օսմանյան Թուրքիայում ասպարեզ իջան քեմալականի կերպարանք ստացած երբեմնի իթթիհադականները, հայ ժողովրդի արյունարբու դահիճների գլխավորությամբ, որպեսզի ապահովեն երիտթուրքերի ցեղասպան քաղաքականության շարունակականությունը: Շարունակվեց նաեւ արեւմտահայության բնաջնջումը, հայկական եկեղեցիների եւ վանքերի կողոպուտն ու հրկիզումըՙ նմանապես:

1923-ի հոկտեմբերի 29-ին Թուրքիայում հռչակվեց հանրապետական կարգ: Քանի որ քեմալականներն արդեն, ավարտին հասցնելով Հայոց ցեղասպանությունը, կատարված էին համարում առաջադրանքը, ձեռնամուխ եղան հայկական պատմամշակութային հետքի վերացմանը ժամանակակից Թուրքիայում: Շուրջ 2500 հայկական եկեղեցի եւ 457 վանք պետականորեն հողին հավասարացվեցին քեմալականների շատ քաղաքակիրթ, աշխարհիկ ժողովրդավար հանրապետությունում: Եթե չլիներ առանձին անհատների միջամտությունը, ինչպես, ասենք, քուրդ գրող Յաշար Քեմալինը, ապա նույն ճակատագրին կարժանանային Վանա լճի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին եւ Անիի ավերակները:

2002-ին Թուրքիայում միանձնյա իշխանության եկավ վարչապետ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը: Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամը լինելով, այս կուսակցության կառավարությունը որոշում ընդունեց վերադարձնել հայ, հույն, հրեա ազգային փոքրամասնություններից նախորդ կառավարությունների օրոք առգրավված կալվածքները, միաժամանակ վերանորոգեց հույն ուղղափառ եկեղեցուն պատկանող Տրապիզոնի Սումելա վանքն ու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին:

Թեեւ վերանորոգված վանքն ու եկեղեցին թանգարանի կարգավիճակով հանձնվեցին Թուրքիայի մշակույթի նախարարության տնօրինությանը, այնուամենայնիվ, վերականգնումը «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ «Ազգայնական շարժում» կուսակցության նախաձեռնությամբ ազգայնամոլների թիրախը դարձրեց Էրդողանի կառավարությանը, թե Պոնտոսում հունական կայսրությունը, իսկ Վանում Բագրատունյաց թագավորությունը վերականգնելու թաքուն նպատակներ է հետապնդում: Մինչդեռ Բագրատունիները իշխել էին ոչ թե Արծրունիների նման Վասպուրականում, այլեւ Կարսում եւ Անիում:

Էրդողանի կառավարությունը Թուրքիայում 1-2 հայկական այլ եկեղեցի վերանորոգելու մտադրություն է հայտնել: Ի դեպ, քրդաբնակ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը վերականգնվել է քաղաքապետարանի նախաձեռնության, հետեւաբար կառավարության հետ առնչություն չունի: Ուշագրավը, սակայն, սոսկ Տրապիզոնի Սումելա վանքի կամ Վանա լճի Սուրբ Խաչի վերականգնումը չէ, այլեւՙ Ստամբուլում նոր եկեղեցի կառուցելու համար ասորի համայնքին հողատարածք հատկացնելու քաղաքապետարանի որոշումը:

Հայտնի մտավորական Ալի Սաիդ Չեթինօղլուն, որն իր ուսուցիչն է համարում Ռագըփ Զարաքոլուին, երեկ Haytert կայքէջում, որոշմանն անդրադառնալիս, դա համարում է պատմական եւ ավելացնում. «Եթե հուշարձանների պահպանման կոմիտեն հաստատի Ստամբուլի քաղաքապետարանի որոշումը, ապա Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամը լինելով, հիմքից կառուցված կլինի առաջին եկեղեցին երկրում»:

Չեթինօղլուն առանց մանրամասնելու, որոշակի վերապահություն է դրսեւորում ինչպես ասորական համայնքին եկեղեցու համար հողատարածք հատկացնելու Ստամբուլի քաղաքապետարանի որոշմանը, այնպես էլՙ Բերայի ասորական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի կառուցման նախաձեռնությանը:

Ինչո՞ւ: Նախքան հարցի պարզաբանումը, Չեթինօղլուն հիշեցնում է 1959-ին Ստամբուլի Թարլաբաշի թաղում վերանորոգված ասորական եկեղեցու մասին, որը փայտաշեն էր: Եկեղեցու վերանորոգմանը ձեռնամուխ էր եղել 1940-ականներին Մարդինից Ստամբուլ տեղափոխված ասորի Աբդուննուր Այդիները, որը ջերմ բարեկամական հարաբերությունների մեջ է եղել դիարբեքիրցի Նեդիմ Փիրինչզադեի հետ: 1915-ի ցեղասպանության օրերին Փիրինչզադեները, որոնք պանթուրքիզմի Զիա Գյոքալփի անմիջական ազգականներն են, գլխավոր դահճի դեր են կատարել Դիարբեքիրի վիլայեթում:

Նշելով այդ մասին, Չեթինօղլուն ընդգծում է, որ Այդիներ ընտանիքն էլ ցեղասպանության զոհերից է: Համենայն դեպս, Այդիները դիմում է Փիրինչզադեին, նրանք միասին հանդիպում են արտգործնախարար Ֆաթիհ Ռյուշթու Զոլուին: Հանդիպմանը նախարարն ասում է. «Թեեւ փայտաշեն եկեղեցու փոխարեն քարաշենի կառուցումը հակասում է օրենքներին եւ Լոզանի պայմանագրի դրույթներին, սակայն ես անհհրաժեշտ հրահանգը կտամ եւ ոչ ոք ձեզ չի խանգարի»:

Հիրավի, ասորական փայտաշեն եկեղեցին քանդում են, նրա տեղը, ընդ որումՙ առանց թույլտվության, քարաշեն եկեղեցի են կառուցում եւ ոչ ոք, շնորհիվ կառավարող շրջանակներում մեծ ազդեցություն վայելող Նեդիմ Փիրինչզադեի միջնորդության, չի խանգարում շինարարությանը:

Նկատի առնելով 1959-ին վերակառուցված քարաշեն եկեղեցին, Ստամբուլում նախատեսվող ասորական նոր եկեղեցու առնչությամբ, Չեթինօղլուն նշում է. «1915-ի առումով ասորական համայնքը լռություն է պահպանում: Չենք հարցնում, թե դա որքանո՞վ է նպաստել նոր եկեղեցու կառուցման հանգամանքին: Ոչ էլ ուզում ենք իմանալ եկեղեցու շինարարության համար միջնորդող անձի անունը: Բայցեւայնպես, նախազգուշացնում ենք, որ Ստամբուլի քաղաքապետարանը եկեղեցի կառուցելու համար ասորական համայնքին որպես հողատարածք հատկացրել է հենց Յեշիլքոյումՙ Այա Ստեֆանոսի կաթոլիկ գերեզմանատունը, որքան էլ Բերայի ասորական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ Սաիդ Սուսին հերքի այդ փաստը: Ի դեպ, Սաբանջիի մզկիթի համար էլ հատկացվել էր Ադանայի հայկական գերեզմանատունը: Հուսամ, Ստամբուլի քաղաքային իշխանությունները նախքան ասորական եկեղեցու շինարարությունը, կցուցաբերեն անհրաժեշտ զգոնություն»:

Այլ կերպ, թուրքական իշխանությունները Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ եկեղեցի կառուցելու իրավունք տալով ասորական համայնքին, փոխարենը ձերբազատվում են առգրավված տարածքները, այսինքնՙ Այա Ստեֆանոսի կաթոլիկ գերեզմանատունը համայնքին վերադարձնելու օրենքով նախատեսված պարտականությունից: Ակնհայտ է, որ Ստամբուլում նախատեսվող ասորական եկեղեցու կառուցումը այդ իշխանությունների համար անհամեմատ նախընտրելի է, քան կաթոլիկ գերեզմանոցի հանձնումը սեփականատերերին, հատկապես այն դեպքում, երբ սեփականատերը Վատիկանն է:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4