«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2012-12-20 | #229, 2012-12-21 | #230, 2012-12-22


ԱԼԵՔ ԵՆԻԳՈՄՇՅԱՆ. ԿԵՐՏԵՆՔ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՂՈՐԴԵԼՈՒ

Դեկտեմբերի 16-ին Քյոլնի Ս. Սահակ Մեսրոպ եկեղեցուն կից համայնքային սրահում հավաքված հանրությունը մոտ 3 ժամ ունկնդրեց 70-ականներին ԱՍԱԼԱ-ին անդամակցած, 1996-ից մինչ օրս «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության տնօրեն, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանին , որ Գերմանիա էր ժամանել դեկտեմբերի 8-ին Փարիզում, 11-ին Բարսելոնում, 14-ին Մարսելում տեղի համայնքների հետ կայացած հանդիպումներից հետո: Եվրոպայի հայերի համագումարի կազմակերպած հանդիպմանը ողջույնի խոսք հղեց հիշյալ կազմակերպության Գերմանիայի ներկայացուցիչ Րաֆֆի Պետիկյանըՙ մանրամասն անդրադառնալով հրավիրյալի կյանքին ու գործին, դավանած արժեքներին: Հայոց ցեղասպանությանՙ մոտեցող 100-ամյակը հիշատակելովՙ Պետիկյանն իր սերնդի կեսդարյա կենսագրության համար խորհրդանիշ որակեց ԱՍԱԼԱ-ի մարտիկներինՙ մեկնաբանելով, թե «աշխարհը զարմացած էր, որ զոհ հայը ուրիշ դեմք ունի, նույնիսկ թուրք կսպանե»:

Բանախոսը ծանուցեց, թե Ալեք Ենիգոմշյանիՙ գերմանահայության հետ հանդիպման բուն առիթը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին արտախորհրդարանական ընդդիմության տեսակետները բարձրաձայնելն է: «Հայաստանի ներկա իրավիճակը եւ սփյուռքահայության դերը նրա ժողովրդավարացման գործընթացին» հանդիպման վերնագրի երկու հատվածներն էլ բանախոսի պարագայում «արդարացված» էինՙ բեյրութահայ Ալեքը 1995-ից բնակվում եւ գործունեություն է ծավալում Երեւանում: Բարձրախոսին մոտեցած հյուրը նշեց, թե Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կարելի է արձանագրել, թե հայությունը բավական կարեւոր, բայց անբավարար հաջողություններ է արձանագրել, Սփյուռքի համար հրատապ է նոր սերնդի հայապահպանության խնդիրը: Անդրադառնալով Հայաստանի տնտեսական, բարոյահոգեբանական ներկա ծանր վիճակին, կաշառակերությանը, անընդհատ աճ արձանագրող արտագաղթին, բանախոսն ահազանգեց, թե շարունակության պարագայում դրական շրջադարձն անկարելի կլինի, սպառնալիք դառնալով ազգային անվտանգությանը: Առանց Հայաստանի հայ ժողովուրդ գոյություն չունի, Սփյուռքում անհեթեթ կլինի մյուս կարեւոր հարցերի մասին խոսել, ասաց Ալեք Ենիգոմշյանը: Հայաստանի առողջացումը, կենսունակություն ապահովելու պայքարը Սփյուռքի համար առաջնահերթություն նկատելով նա նշեց, թե երկրում ստեղծված տխուր վիճակի 20 տոկոսն առարկայական պատճառներ ունի, 80 տոկոսը «մարդոց վարած սխալների հետեւանք է»ՙ առավելաբար ՙ նյութապաշտության: Նախկին ԽՍՀՄ, նաեւ ուրիշ երկրներ կգտնվին նույն վիճակի մեջ, բայց Հայաստանն իրավունք չունի ժամանակ կորցնելու, ասաց բանախոսըՙ նշելով, թե իրավիճակն ընտրությունների միջոցով փոխելու տարբերակն անհնարին է, քանի որ 1995-ից ի վեր դրանք կեղծվում են:

Նա հիշեցրեց վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքըՙ 2 կուսակցություն եւ մեկ դաշինք հազիվ կարողացան մտնել ԱԺ, այդ ուժերի ներկայությունը ոչ մեկ բան կփոխե, 2 ամսից նախագահական ընտրություններ են եւ Սերժ Սարգսյանից բացի որեւէ լուրջ թեկնածու չկա, եթե չհաշվենք Րաֆֆի Հովհաննիսյանին: «Ընդդիմությունը չէ կրցած միասնական լուրջ թեկնածու ներկայացնել, քաղաքական դաշտը հանդիպած է պատի: Վարդան Օսկանյանը փորձեց հասկացնել, որ կրնա նախագահ դառնալ, եւ իր առջեւ խնդիր ստեղծվեց, օլիգարխիկ համակարգի սյուներեն Ծառուկյանն ուզեց, իր առջեւ խոչընդոտ դրվեց», պարզաբանեց «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը:

«Անդունդի եզրին, սակայն, հուսահատություն ըսվածը չենք ճանչնար, առանց արկածախնդրության, կայունությունը պահպանելով համակարգային փոփոխություններն անհրաժեշտ են», նկատել տվեց բանախոսը:

Վերջին երկու տարում Հայաստանում քաղաքացիական շարժումներն ակտիվացած են, գնահատեց Ալեք Ենիգոմշյանըՙ ներկայացնելով բնապահպանների, հանրային տարածքների, մշակութային արժեքների պաշտպանությամբ զբաղվող խմբերի հաջողությունները: Պիտի գուրգուրանք այս շարժումներուն, - հորդորեց բանախոսը: Քանի որ քաղաքական դասական ճանապարհը փակ է, «Սարդարապատը» երկրում արմատական փոփոխությունների հասնելու այլընտրանքային, ռազմավարական ծրագիր է մշակում, «այն Հայաստանի, որ ոչ թե վանում, այլ դեպի իրեն է ձգում իր զավակներին»: Գործընթացը սկսած է, ապագա Հայաստանի ծրագիրը կուսակցական, հատվածական չէ, հանրային է, կա ինտերնետի մեջ, եւ ամեն ոք կարող է մասնակցել այդ ծրագրի կազմմանը:

«Սփյուռքի մեջ ունինք անվերադարձ հեռացում հայկականությունեն: Դաշնակցական-հակադաշնակցական անիմաստ կռվի մեջ սփյուռքահայ երիտասարդը հայ մնաց, պահանջատիրական շարժումը, Սպիտակի երկրաշարժը, անկախությունը, արցախյան շարժումը նրան հայ պահեցին: Նոր առիթ է պետք, որ մարող հայկականությունը վերստին կենդանություն ստանա: Մեր կռնակը պիտի չդարձնենք մեր հայրենիքեն, սիրել Հայաստանը չի նշանակեր սիրել այսօրվա կարգերը, այլՙ վաղվա Հայաստանը: Հզոր Հայաստանով կրնանք ունենալ հզոր Սփյուռք, հզոր Հայաստանն է, որ սփյուռքահայ երիտասարդին հպարտ կպահե:

Բանախոսին հարցեր ուղղելու առիթ տրվեց: «Ընտրություններին 2 ամիս մնաց, մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել», համայնքի անդամներից մեկի հարցին Ենիգոմշյանը պատասխանեց, թե այդ խաղին մասնակցելու իմաստ չի տեսնում: «Սարդարապատը» ի՞նչ դիրքորոշում կորդեգրի այն պարագայում, եթե Ռուսաստանը որոշի բացել հայ-թուրքական սահմանը», մեր հարցին ի պատասխան պարոն Ենիգոմշյանը պատասխանեց, թե Ռուսաստանը կանի՞, թե՞ չի անի նման քայլ, իրենք դեմ են Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացմանը, քանի դեռ հայ ժողովրդի իրավունքները չեն ճանաչվել, հատուցում չի եղել: Սիրիահայության ճակատագրին անդրադառնալով բանախոսը նախ նշեց, թե հայերիՙ արեւելքից արեւմուտք տեղափոխումը նոր երեւույթ չէ, 70-ականներին է սկսվել Եգիպտոսի, Լիբանանի, Սիրիայի, Իրանի հայության արտագաղթը, իսկ լուծումը «հայրենադարձությունն է այն Հայաստան, որ դեպի իրեն է ձգում իր զավակներին»: Ներկաներից մեկի մտահոգությանը, թե քաղաքացիական շարժումների ակտիվության ֆոնին նկատելի է ազգային գաղափարախոսության պակաս, Ենիգոմշյանն ասաց, թե «Սարդարապատը» չի ղեկավարում քաղաքացիական ինքնաբուխ շարժումները, բայց հսկում է, որ ապազգային չդառնան, քանի որ կան ուժեր, օրինակ ԱՄՆ-ը, որ փորձում են շեղել: Նա համամիտ չէր այն կարծիքին, թե Հայաստանի վիճակը պայմանավորված է անբավարար ներդրումներով, քանի որ «Սփյուռքը, այո, պիտի ներդնի, բայց Հայաստանում կա մի փոքր խավ, որ ապրում է զեխ կյանքով եւ մեծ գումարներ է հանում երկրից»:

Այն հարցին, թե «Սարդարապատը» քննարկե՞լ է նախագահության թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական ծրագիրը, Ալեք Ենիգոմշյանն ասաց, թե Հայրիկյանը խորհրդային տարիների այլախոհի, անկախության սիմվոլն է, բայց ինչ ծրագիր էլ որ լինի, անհնարին է, որ նա կարողանա նախագահ լինել: «Ամեն ինչ արվեց, որ Օսկանյանն ու Ծառուկյանը չդառնան, Հայրիկյանին կթողնեն, որ գրանցվի, որովհետեւ կազինոյում միշտ էլ, ցավոք, կազինոն է շահում: Ով մասնակցի, լեգիտիմություն է տալիս այդ կազինոյի տիրոջը»: Ենիգոմշյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի համար կարեւորագույնՙ հանքարդյունաբերության ոլորտին եւ դրա բերած աղետին, իրազեկելով, թե Քաջարանի 5 գյուղերի տարհանումը գերմանական «Քրոնիմետ» ընկերության շահերից է բխում, ուստի գերմանահայությունը պիտի պահանջ ունենա, մանավանդ հիշելով Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիայի դաշնակից Գերմանիայի դերը: Բոխումի «Սփյուռք եւ ցեղասպանություն» ինստիտուտի ղեկավար Միհրան Դաբաղին հետաքրքրում էր, թե «Սարդարապատը» կառավարման ի՞նչ ձեւ է ընտրելու: Ալեքի մատուցմամբՙ այն դեռ հստակեցված չէ, բայց կազմված է 33 հոգուց նախախորհրդարանըՙ 11 հանձնաժողովներով, որոնք աշխատում են: Հանձնաժողովները հրավիրում են մասնագետների թե՛ Հայաստանից, թե՛ Սփյուռքից, եւ լուրջ ասելիք ունեցողը կարող է այն փոխանցել ինտերնետի միջոցով: «Չեմ ըսերՙ միացե՛ք «Սարդարապատ» շարժումին, բայց ամեն հայու պարտականությունն էՙ ի՞նչ ընել իրավիճակը փոխելու գիտակցությունն ունենալ», եզրափակեց Ալեք Ենիգոմշյանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4