«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2012-12-22 | #231, 2012-12-25 | #232, 2012-12-26


«ՀԱԼԱԼ Է, ԹՈՂ ՈՒՐԱԽ ՆՈՐ ՏԱՐԻ ԷՆԵՆ»

«Մատաղիսի գործով» Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը` անցնող տարվա մի ձեռքբերում

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ամենամեծ դահլիճում մեկ շաբաթ առաջ` դեկտեմբերի 18-ին տեղի ունեցածի տեսագրությունն իսկ օրեր հետո էլ դժվար է առանց հուզմունքի նայել: Այս ատյանը, կարելի է ասել, համարձակություն ունեցավ արդեն ինը տարի ձգձգվող, հանրապետության տարբեր դատական ատյաններով անցած «Մատաղիսի գործով» ամբաստանյալ երեք երիտասարդներին անմեղ ճանաչել եւ արդարացնել: Դատավոր Հարություն Մովսեսյանի ընթերցած այդ համարյա սենսացիոն վճիռն ընդունվեց ներկաների ծափահարություններով ու ընդհանուր ոգեւորության հուզախառն բացականչություններով:

Հիշեցնենք, խոսքը վերաբերում է 2003 թվականին ԼՂՀ Մատաղիսի զորամասում զիծառայողներ Հովսեփ Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանության չարչրկված գործին, որում մեղադրված նույն զորամասի նրանց նախկին ծառայակիցներ, գյումրեցիներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի ու վանաձորցի Արայիկ Զալյանի նկատմամբ 2005 թվականից սկսած նախ 15 տարվա, ապա ցմահ ազատազրկման դատավճիռ էր կայացվել, տղաները 2 տարի 8 ամիս անցկացրել էին բանտում, ապա 2006 թ. դեկտեմբերին Վճռաբեկ դատարանի վճռով ազատ արձակվել դատարանի դահլիճից: Դրանից հետո գործն ուղարկվել էր վերաքննության, ապա 2008-ին մտել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան, ու զարմանալիորեն` դարձյալ նույն մեղադրանքով: Միայն այս ամսվա սկզբին մեղադրող կողմը սպանության մեղադրանքը փոխել էր, նախկին երեք զինվորներին այժմ էլ մեղադրելով Ռոման Եղիազարյանին եւ Հովսեփ Մկրտումյանին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ, որն անզգուշությամբ հանգեցրել էր մահվան: Այդ հոդվածով երիտասարդներին սպառնում էր 7-8 տարվա ազատազրկում: Սակայն այդ մեղադրանքը եւս դատարանում չհաստատվեց:

Հանրապետության զինվորական դատախազն այսօր էլ ասում է («Շանթի» եթերով), թե նախաքննական մարմինն այս գործը քննել է պրոֆեսիոնալ բարձր մակարդակով: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, այդ մարմինն այսքան տարի, մինչեւ մի քանի օր առաջ, պնդում էր եւ նույնիսկ Վճռաբեկ դատարանի վճռից հետո էլ չէր փոխել երեք երիտասարդներին ներկայացված մեղադրանքը. հենց սպանության մեղադրանքը, որից ինքն էլ ի վերջո ստիպված եղավ լուրջ եւ ակնհայտ հակափաստարկների ճնշման ներքո հրաժարվել, վերաորակավորել այն` փորձելով «փրկել» ինչ-որ բան: Այն բանում, որ դա եւս այս անգամ «չանցավ», թերեւս մեծ դեր խաղաց տվյալ քրեական գործի ստացած հասարակական, ընդհուպ միջազգայինի մոտեցող հնչեղությունը:

Անշուշտ, այս գործի հետ կապված առավել հիմնավոր հետեւություններ կարելի կլինի անել միայն այն ժամանակ, երբ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնի: Բոլոր դեպքերում «Մատաղիսի գործը» մնում է լիարժեք չբացահայտված, երկու զինվորների սպանության մեջ մեղավոր անձը կամ անձինք` տակավին չպատժված: Բայց կարելի է այդ եւ ընդհանրապես մեր դատական համակարգի բարելավման մինչեւ այժմ անհույս թվացող ճանապարհին արձանագրել մի կարեւոր դրական քայլ: Այն է` առաջին ատյանի դատարանը չենթարկվեց որեւէ արհեստական ճնշման եւ կայացրեց գործի ընթացքի տրամաբանությունից բխող ինքնուրույն վճիռ: Կցանկանայինք դա համարել անցնող տարվա մեր մի ձեռքբերումը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում երիտասարդներին արդարացնող վճիռը գոհունակությամբ էին ընդունել ոչ միայն ամբաստանյալները, նրանց հարազատները, այլ նաեւ իրավապաշտպանները, ներկա մյուս քաղաքացիները եւ նույնիսկ` սպանված Մկրտումյանի ծնողները: Վճիռը լսելիս մյուսների նման հուզվել էր նաեւ սպանված զինվորի հայր Մովսես Մկրտումյանը, որը հետամուտ է լինելու, որ իրական մեղավորը բացահայտվի ու պատժվի: «Ճիշտ է, իմ երեխան չկա,- ասում էր մահացած զինվորի մայրը,- բայց հիմա կարեւորը` էս երեք երեխեքը փրկվեցին»:

«Հալալ է, հալալ, Աստված ձեզ երկար կյանք տա... Ես գիտեի, որ արդարությունը հաղթելու է, ես գիտեմ, որ Հայաստանը էսպես չի մնալու...»,- սրանք էլ նախկին ամբաստանյալներից մեկի մոր խոսքերից են: Մեկ էլ ե՞րբ էին նման մի գործից հետո դատավորների հասցեին ասվել մայրական այսպիսի խոսքեր. «Թող իրանց համար բարի Նոր տարի լինի, թող Աստված իրենց օջախներն էլ օրհնի»...

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4